12 մայիսի 2012 - 19:11 AMT
Տեղի ունեցավ «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» ֆիլմի պրեմիերան

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում այսօր տեղի ունեցավ Էդուարդ Ղազարյանի մասին պատմող առաջին` «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարել է «Օրդֆիլմ» ընկերությունը, ռեժիսորն է Հայկ Օրդյանը: Նկարահանումները սկսվել էին դեռևս 2009 թվականին:

Ֆիլմի հեղինակ Հարություն Տոլանյանն ասաց, որ ֆիլմը Ղազարյանի մասին պատմող այլ աշխատանքներից տարբերվում է նրանով, որ արվեստագետն այստեղ ներկայացվել է և' որպես միկրոքանդակագործ, և' որպես երաժիշտ ու երաժշտական գործիքներ պատրաստող:

Տոլանյանը նշեց, որ ծրագրեր կան ֆիլմը նաև արտասահմանում ներկայացնելու, սակայն դրա համար դեռևս բավարար ֆինանսական միջոցներ չկան:

Մինչև ֆիլմի ցուցադրությունը ֆիլհարմոնիայում ներկայացված էին նաև Էդուարդ Ղազարյանի որոշ միկրոքանդակները և նրա պատրաստած երաժշտական գործիքների լուսանկարները:

Լուսինե Ամիրջանյանը, ֆիլմի դիտումից հետո կիսվելով իր տպավորություններով, ասաց` ցավում է, որ մեր երկրում մեծերին գնահատում են միայն իրենց մահից հետո. «Ֆիլմը հետաքրքրիր էր , բայց կարճ, կարծում եմ` հրաշալի կլինի, որ նրա մասին հետագայում ևս ավելի ընդգրկուն գեղարվեստական ֆիլմ նկարվի»։