1 հունիսի 2012 - 17:44 AMT
Արթուր Օսիկյան. Կենսաչափական անձնագրերի տվյալների պաշտպանվածությունն ապահովված է

Այսօրվանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից` այդ կապակցությամբ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին և այլք:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները՝ նշել է, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կենսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները:

Օսիկյանը նաև նշել է, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ապահովված է:

Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասաց, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականցումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները: