8 հունիսի 2012 - 15:59 AMT
Մասնագետներ. Նախապես ծանոթացեք միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների կիրառման կարգին

Ամռան շրջանում միջատների դեմ պայքարում քիմիական միջոցների օգտագործման հետ կապված հիմնական խնդիրները թունավորումներն են ու ալերգիան, որն էլ իր հերթին ներդիրի հետ չծանոթանալու հետևանք է: Հունիսի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը: «Եթե քիմիկան միջոցը կիրառվի տնային պայմաններում, երբ տան անդամները տանն են, բնականաբար, այն կարող է ազդել մարդու օրգանիզմի վրա»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է միջատների դեմ զանգվածային պայքարին ամռան շրջանում, ապա, ըստ նրա, յուրաքանչյուր տարածքի համար, կա իր մասնագետը: Մասնավորապես, երբ խոսքը գնում է լճացող ջրի մասին, որտեղ միջատները ձվադրում են կատարում, կա հատուկ մասնագետ, որը հետևում է նրանց վարքագծին: Լիլիթ Ավետիսյանը հավելեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով վերջերս միջատների դեմ պայքարի համար օգտագործվում են էկոլոգիապես անվնաս միջոցներ, հատկապես ոչ տնտեսական նշանակության տարածքներում:

Անդրադառնալով քիմիական պրեպարատների իրացման շուկայում ստեղծված իրավիճակին՝ «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում բազում տեսչություններ կան, սակայն իրավիճակը չի վերահսկվում և վաճառքի են հանվում անհայտ ծագման և բաղադրության միջոցներ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա: