11 հունիսի 2012 - 12:16 AMT
Անգլիական շախմատի ֆեդերացիան թուրքական ֆեդերացիայից պահանջում է Օլիմպիադայի մրցավարներին անաչառորեն նշանակել

Անգլիայի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթա Յազիչիի նամակի պաշտոնական պատասխանը, որում վերջինս հայտարարել էր կայանալիք Օլիմպիադային 7 ֆեդերացիաների մրցավարների աշխատանքից հրաժարվելու մասին: Ի պատասխան անգլիական ֆեդերացիան պնդում է, ու Յազիչիի հայտարարությունները հակասում են ՖԻԴԵ-ի կանոնադրության 1.2 կետին: Բացի այդ, նշվում է, որ Յազիչին խախտում է նաև ՖԻԴԵ-ի Էթիկական օրենսգրքի 2.2.3 կետը:

7 ֆեդերացիաների մրցավարների աշխատանքն արգելելը կարող է դիտարկվել որպես քաղաքական խտրականության ակտ, եզրափակվում է նամակում: Այս առնչությամբ անգլիական ֆեդերացիան խնդրում է ՖԻԴԵ-ի Էթիկայի հանձնաժողովին և Նախագահական խորհրդին վերանայել այս հարցը և պահանջել թուրքական ֆեդերացիայից մրցավարներին առանց խտրականության և անաչառորեն նշանակել:

Նամակը ստորագրել են ևս 5 ֆեդերացիաներ` Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի: Տուժած ևս մեկ ֆեդերացիայի` Վրաստանի, ստորագրությունը նշված չէ: