Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Բուդապեշտում և Բարսելոնայում:
Հունգարիայի մայրաքաղաքում Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է միջազգային ամառային երաժշտական փառատոնին: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, Հունգարիայի հայկական համայնքի ղեկավար Ալեքս Ավանեսյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ծրագրեր, երկու քաղաքների միջև կրթական, մշակութային և այլ ոլորտների փորձի փոխանակման հարցեր:
Այնուհետև հայկական պատվիրակությունը մեկնել է Բարսելոնա: Աշխատանքային այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բարսելոնայի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Միգել Մարտիի, Բարսելոնայի Եյշամպլա վարչական շրջանի ղեկավար Ժերարդ Արդանիի և Բարսելոնայի Նոու Բարիս վարչական շրջանի ղեկավար Իռմա Ռոգնոնի հետ:
Հանդիպման ընթացքում Արա Սադոյանն իսպանական կողմի քննարկմանն է ներկայացրել Բարսելոնայի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի միջև համագործակցության ծրագրի նախագիծը:
Բարսելոնի Կենտրոն համայնքի ղեկավարը, ողջունելով հայկական կողմի առաջարկը, պատրաստակամություն հայտնեց առաջարկը քննարկել Բարսելոնի քաղաքապետարանում և համապատասխան մոդելներ տրամադրել հայկական կողմի քննարկմանը: