Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հունիսի 15-16-ին այցելել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարևորության շրջաններից մեկն է` տնտեսական եւ քաղաքական ներուժի տեսանկյունից։
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ԱԳՆ լրատվական ծառայությունից` այցի ընթացքում դեսպանն առանձնազրույցներ է ունեցել շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի եւ Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվել են Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ Ռոն-Ալպ շրջանի միջև ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:
Հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։
Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։