
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր` հունիսի 22-ին, առաջին անգամ կայացել է 10 տարուց ավելի տարիք ունեցող ընդհանուր օգտագործման ուղևորատար տաքսի-ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի և ներդիրի տրամադրման վերաբերյալ լիցենզավորման հանձնաժողովի նիստ:
Նիստում հայտ են ներկայացրել 120 անհատ ձեռնարկատերեր, որոնց զգալի մասի տրանսպորտային միջոցների տարիքը 10 տարուց ավելի է եղել: Բացառությամբ մի քանիսի, բոլոր հայտերը բավարարվել են:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, հունիսի 22-ից հանվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տարիքային սահմանափակումը: Նման որոշումը պայմանավորված է եղել բազմաթիվ քաղաքացիների կողմից 10 տարուց ավելի տարիք ունեցող մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու ցանկությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մարտի 22-ի N 655-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համապատասխան որոշմամբ, սահմանվել է լիցենզիա և ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի նոր ցանկ, որտեղ առավելագույնս նվազեցվել է ներկայացվող պարտադիր փաստաթղթերի քանակը, հստակեցվել են լիցենզավորման պարտադիր պայմանները և պահանջները, սահմանվել են տրանսպորտային միջոցին ներկայացվող տեխնիկական պայմանները: