Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկել է «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և ավտոմատացման տեխնիկա-2012» միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՊՃՀ լրատվական ծառայությունից, գիտաժողովին մասնակցում են ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Արցախի գիտական կենտրոնի, Արցախի պետական համալսարանի, արտերկրից ավելի քան երկու տասնյակ գիտնականներ և ռեկտորներ, մասնավորապես, Մագդեբուրգի Օտտո-Վոն-Գերիկեի համալսարանից (Գերմանիա), Սիլեսիան տեխնոլոգիական համալսարանից (Լեհաստան), Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջատար տեխնիկական բուհերից, ինչպես նաև` Բելառուսի ազգային և Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարաններից, Ուզբեկստանի ԳԱ մեխանիկայի ինստիտուտից:
Արդեն իսկ հրատարակվել է գիտաժողովի նյութերի հավաքածու 280 էջ ընդհանուր ծավալով, որում ընդգրկված է 83 հեղինակի 43 հոդված, որոնց թվում` 31 գիտության դոկտորներ և 40 գիտության թեկնածուներ:
Գիտաժողովի աշխատանքները առաջիկա օրերին կշարունակվեն, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն մեքենաշինության և մեքենագիտության բնագավառում առաջատար բուհերի և կազմակերպությունների փորձը:
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, ՀՊՃՀ-ն, Մեքենաշինարարների միջազգային միությունը (ՄՄՄ), ՀՀ-ում ՄՄՄ ներկայացուցչությունը, Մեխանիզմների և մեքենաների տեսության Հայաստանի ազգային կոմիտեն, Տեխնոլոգ-մեքենաշինարարների ասոցիացիան, Ռուսաստանի «Մեքենաշինություն» հրատարակչությունը և մի շարք արտերկրյա հեղինակավոր բուհեր: