
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում, նախորդ ամսվա համեմատ ցուցանիշները բարելավել է միանգամից 7 նիշով։ Համեմատաբար ցածր են Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջանների արդյունքները։
Աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշեր արձանագրվել են Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում։
Կիսամյակային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Դավթաշեն վարչական շրջանը Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է 3, երկրորդ տեղն զբաղեցրած Ավան վարչական շրջանը՝ 2 և երրորդ տեղն զբաղեցրած Էրեբունի վարչական շրջանը 1 մլն դրամով։