Օլիմպիական խաղերի մեկնարկից 9 օր առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը հանդիպեց մի քանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին նաև PanARMENIAN.Net-ի լրագրողները:
«Հուլիսի 27-ին` Օլիմպիական խաղերի բացման օրը, Երևանի Սիրահարների այգում միջոցառում ենք կազմակերպելու, որին կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները: Կփորձենք այնպես անել, որ բոլորն էլ ուրախանան: Հուլիսի 28-ին ես Երևանի ծննդատներից մեկում հուշանվերներ կհանձնեմ այն երեխային, ով ծնվել է խաղերի բացման ժամին: Իսկ մեկ օր անց նմանատիպ նվերներ կհանձնեմ Կապանի հիվանդանոցում, որի մանկական բաժինը վերանորոգվել է անգլիացի բիզնեսմենի կողմից»,- ասաց դեսպանը:
Ջոնաթան Էյվսը նաև նշեց, որ խաղերի ընթացքում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ անցկացնելու են սեղանի թենիսի մրցաշար:
Նա պատմեց, որ երկու շաբաթ առաջ է եղել Լոնդոնում, և այնտեղ տիրում է աներևակայելի մթնոլորտ: «Մենք շատ ենք կարևորում նաև Պարալիմպիական խաղերը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիան շատ երկրների հետ համեմատած առաջատար է Պարալիմպիական մարզաձևերին ցուցաբերվող ուշադրությամբ: Օլիմպիական խաղերը մեծ հնարավորություն կտան ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել Լոնդոնի վրա, ինչպես նաև հարստացնել մեր երկրի տնտեսությունը»,- ընդգծեց նա:
Էյվսը հույս հայտնեց, որ հայ մարզիկները Լոնդոնում լավ ելույթ կունենան և կնվաճեն ոսկե մեդալներ: