Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ: Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և եթովպացի քրիստոնյաներին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգևոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում և մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում:
Եթովպիայի Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն և բարեպաշտությանը:
... Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը: