Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը չի բացառում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի հերթական քննարկումը: Թուրքիա կատարած նրա աշխատանքային այցի շրջանակներում թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում Ֆաբիուսը պատասխանել է լրագրողներից մեկի հարցին այն մասին, որ Ֆրանսիայում իբր նշել են, որ նման օրինագիծ այլևս չի ներկայացվի խորհրդարանում, բայց ընտրություններից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկին հայտարարել է, որ թեման կվերադառնա օրակարգ:
Լորան Ֆաբիուսը, իր հերթին, հիշեցրել է, որ նախընտրական շրջանում նման հայտարարություններ կատարել են թե Սարկոզին, թե Օլանդը, նշելով, որ այս հարցում անհրաժեշտ են մի շարք որոշումներ:
«Հավատում եմ, որ կգտնվեն որոշումներ, որոնք զուրկ են զգացմունքայնությունից»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը` չհերքելով նոր օրինագծի հնարավորությունը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:
Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:
Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:
Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: