Շենքերն ու շինությունները 5 տարին մեկ պետք է անձնագրավորվեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը: Նրա խոսքով` Հայաստանում անկախացումից ի վեր` շուրջ 20 տարուց ավելի, շենքերը չեն անձնագրավորվել, և այդ խնդիրն այսօր կառավարության օրակարգում է: «Կառավարությունը բարձրացրել է շենքերի և շինությունների անձնագրավորման խնդիրը: Այդ նպատակով պետք է ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն տվյալների հավաքագրմամբ»,- նշեց նա` հավելելով, որ այսօր Հայաստանում 4 հարկից ավելի հարկայնությամբ 4800 բազմաբնակարան շենքերից նախնական տվյալներով վթարային են մոտ 20-ը, թեև այդ թիվը, հավանաբար, ավելի մեծ է:
Անդրադառնալով նորակառույց շենքերին` Նամալյանը դրանք գնահատեց լավ` շեշտելով, որ ներկա պահին կատարվող շինարարությունը հիմնականում իրականացվում է համաձայն սահմանված նորմերի: