Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը դիմել է Թուրքիային, կոչ անելով վավերացնել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում:
Նրա խոսքով, որպես ԵՄ անդամ երկիր, Լյուքսեմբուրգն ակտիվ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ և արտահայտում իր դիրքորոշումը, որով ղեկավարվում է ողջ Եվրամիությունը:
Ասելբորնը նաև նշել է, որ առավոտյան այցելել է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թանգարան և մինչև հիմա գտնվում է այնտեղ տեսած լուսանկարների տպավորության տակ: «Ես շատ հուզված եմ: Մինչև հիմա իմ աչքի առաջ մոր լուսանկար է, ում ձեռքերին երկու երեխաներ են, որոնցից մեկն արդեն մահացած է: Հուսով եմ, որ մենք բավական արիություն կունենանք, որպեսզի սերունդներին փոխանցենք ճշմարտությունը և ամեն ինչ անենք, որպեսզի նման գազանություններն այլևս չկրկնվեն»,- ասել է նա: