13 սեպտեմբերի 2012 - 17:42 AMT
European Voice. Բաքուն միջազգային հանրության աչքում հիստերիկ է ու կասկածելի, Բուդապեշտը՝ ագահ ու ստախոս

Հունգարիան ու Ադրբեջանը պետք է մի շարք լուրջ հարցերի պատասխանեն, կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման հետ: Սակայն ամենատհաճ հետևանքները կզգան Բրյուսելն ու Վաշինգտոնը, գրում է European Voice-ը՝ հակիրճ պատմելով ղարաբաղյան պատերազմի մասին և նշելով, որ հայերը լրջորեն տուժել են պատերազմի ժամանակ ադրբեջանցիների դաժանությունից:

«Նույնիսկ եթե երկու երկրներն այժմ էլ գտնվեին պատերազմական իրավիճակում, Սաֆարովի հանցանքը՝ անզեն, քնած մարդու սառնարյուն սպանությունը, միևնույն է ոճրագործություն կհամարվեր:

Հունգարիան այդպես էլ չկարողացավ բացատրել Սաֆարովի արտահանձնման պատճառները: Եվ այդ ֆոնի վրա այն հայտարարությունները, թե Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնեց Բաքվին վերջինիս խոստացած 3 մլրդ եվրոյի դիմաց, արժանի են ուշադրության…

Իսկ Սաֆարովին հերոսացնելու պատճառով Ադրբեջանը համաշխարհային հանրության կողմից ընկլավում է որպես հիստերիկ ու կասկածելի: Եվ դա ոչ մի կերպ չես անվանի ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ: Իսկ Հունգարիան լավագույն դեպքում չափից դուրս դյուրահավատ է երևում, իսկ վատագույն դեպքում՝ ագահ ու ստախոս: Սակայն երկու երկրները գտնում են, որ կարող են խուսափել պատասխանատվությունից:

Սաֆարովի դեպքը ծանր հարված էր ԵՄ ու ՆԱՏՕ-ի բարոյական հեղինակությանը 2004թ. ի վեր: Մինչ այդ անդամակցությունն Արևմտյան ակումբին հպարտության առարկա էր նրա անդամների համար և հիմնական գերակայություն էր չանդամակցողների համար: Նրանք ձգտում էին (անկեղծորեն կամ ոչ այնքան) պահպանել օրենքները, կարևորում էին միջազգային հանրության կարծիքը:

Նախկինում Ադրբեջանը ականջալուր էր ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կարծիքին, այժմ՝ ոչ, քանի որ կորցրել է այդ կազմակերպություններին անդամակցելու բոլոր իրական շանսերը: Նավթադոլարներով լեցուն Ադրբեջանն այժմ շահագործում է իր աշխարհաքաղաքական դիրքը, լրտեսելու համար Իրանին, իսկ գուցե նաև ռմբակոծելու:

Հունգարիան չունի նման ֆինանսական հնարավորություններ, նրա բյուջեում անցքեր են գոյացել: Սակայն, նա մարտահրավեր է նետում Բրյուսելին ու Վաշինգտոնին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը որոշումներ է կայացնում (ոչ միշտ հաջող) ու սպասում, թե երբ աշխարհը կընտելանա: Եվրոպական երկրների վարքի պայմանները անխախտ էին թվում 1990-ականների կեսից: Այժմ դրանք արագ տեմպերով «մաշվում են»,-գրում է European Voise-ը: