4 մարտի 2005 - 18:07 AMT
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՎ ԲԵՌԼԻՆՈՒՄ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ» ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԲՈՒՆԴԵՍՏԱԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՄ
Ինչպես Անկարայում, այնպես էլ Բեռլինում ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ, կանխելու համար հետեւյալ բանաձեի նախագծի ընդունումը` «1915 թվականի ապրիլի 24-ի ջարդի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակի օր. Գերմանիան պետք է նպաստի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը»: Այդ մասին նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումների ընդունումը չի նպաստել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների հաղթահարմանը: Հիշեցնելով, որ այս նախաձեռնության հեղինակները գերմանական ընդդիմադիր կուսակցություններն են, Ն.Թանը նշել է, որ պաշտոնական Անկարան հավատում է, թե Գերմանիայի կառավարական կոալիցիան չի աջակցի բանաձեւի նախագծին: «Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ ուշադրություն կդարձնեն եւ ճիշտ գնահատական կտան խնդրին` կանխելով թուրք-գերմանական հոյակապ երկկողմ հարաբերությունների փլուզումը»,-նշել է Ն.Թանը: Հիշեցնենք, որ օրերս Քրիստոնյա-ժողովրդավարական միության ղեկավար Անժելա Մերկելը գերմանական խորհրդարան է ներկայացրել վերոհիշյալ բանաձեւի նախագիծը, որի քննարկումը Բունդեստագի օրակարգում է ապրիլ ամսին: