Լոնդոնի Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերում ԱՄՆ մարզիկների կրած ԱՄՆ ազգային դրոշները որպես հիշատակ հանձնվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
ԱՄՆ դրոշը նախագահին են հանձնել դրոշակակիրները՝ սուսերամարտիկ Մարիել Զագունիսը և Պարալիմպիկ խաղերի դրոշակակիր լողորդ Բրեդ Սնայդերը:
Ելույթ ունենալով Սպիտակ տան մոտ օլիմպիականների առջև Օբաման անվանել է նրանց «ԱՄՆ լավագույն դեսպաններն արտերկրում, որոնց կարելի է միայն պատկերացնել»: Նա խոստովանել է, որ ջանացել է հետևել որքան հնարավոր է շատ մրցումների և նախանձում է իր տիկնոջը՝ Միշելին, որը եղել է Լոնդոնի Օլիմպիադայում որպես ԱՄՆ պատվիրակության ղեկավար: Նախագահի հետ հանդիպման էին հրավիրվել մոտ 400 մարզիկներ, շատերը եկել էին օլիմպիական պարգևներով: ԱՄՆ հավաքականը նվաճել է 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե: Հանդիպմանը ներկա էին նաև Միշել Օբաման և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: