20 սեպտեմբերի 2012 - 20:38 AMT
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 600 զինծառայողներ մասնակցել են ՆԱՏՕ-ի ստանդարտներով զորավարժություններին

Սեպտեմբերի 17-20 Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադների ուսումնական կենտրոնում կայացել են եռօրյա զորավարժություններ` ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում: Զորավարժությունների ընթացքում, ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, թեստավորվել է խաղաղապահ բրիգադի հրաձգային բատալյոնի շտաբային վաշտը: Թեստավորումն անցկացրել են արտասատմանում համապատասխան վերապատրաստում անցած և ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված ՀՀ ԶՈւ սպաները: Վերջիններիս աջակցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ-պետությունների խորհրդատուների խումբը: Զորավարժություններին որպես դիտորդներ ներկա էին հրահանգիչներ ԱՄՆ Կանզաս նահանգից:

Զորավարժություններին մասնակցել է խաղաղապահ բրիգադի 600 զինծառայող, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ՌՕՈւ ուղղաթիռներ: Ուղղաթիռների միջոցով ըստ զորավարժությունների սցենարի, իրականացվել է վիրավորների տարհանում, ինչպես նաև պատասխանատվության շրջանում օպերատիվ արձագանքման ուժերի արագ տեղաբաշխում:

Զորավարժությունների ավարտից հետո, ՆԱՏՕ-ից և ԱՄՆ –ից ժամանած խորհրդատուների խումբը բարձր է գնահատել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի պրոֆեսիոնալ պատրաստվածությունը` հատուկ ընդգծելով նրանց հրաշալի ռազմական կարգապահությունը:

Զորավարժությունների արդյունքում խաղաղապահ բրիգադի հրաձգային բատալյոնի շտաբային վաշտի թեստավորումը կայացած է համարվել, իսկ ստորաբաժանումը` «փոխհամագործակցող»:

Հարկ է նշել, որ խաղաղապահ բրիգադի հրաձգային բատալյոնի շտաբային վաշտը «փոխհամագործակցող» է ճանաչվել դեռևս 2010թ առաջին մակարդակում գնահատման ժամանակ: