9 հոկտեմբերի 2012 - 10:44 AMT
Մեկնարկում է «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը

Հոկտեմբերի 13-ին կմեկնարկի «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը։ Այս մասին PanARMENIAN.Net- ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Փառատոնին կմասնակցեն տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողներ և երիտասարդ մասնագետներ: Ծրագրի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին:

Մեկշաբաթյա աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 20-ին, մասնակիցները կներկայացնեն իրենց առաջարկները: Առաջարկների տեխնիկական ձևաչափին համապատասխան աշխատանքները կընդգրկվեն հաջորդ փուլ։

Հոկտեմբերի 27-ին պրոֆեսիոնալ ժյուրիի և հեղինակավոր կազմակերպություններից հրավիրված մասնագետների ներկայությամբ մասնակիցները կներկայացնեն իրենց նորարարական առաջարկները: Ժյուրին կընտրի լավագույն 10 աշխատանքները ներկայացրած մասնակիցներին: Ծրագրի այս փուլում հաղթած 10 երիտասարդները կհանդիպեն համապատասխան ոլորտները ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հնարավորություն կունենան ամենաբարձր մակարդակով արտահայտելու իրենց նորարարական առաջարկներն ու մտքերը:

Նոյեմբեր 3-ին տեղի կունենա մտքի փառատոնի եզրափակիչ փուլը: Կհրապարակվեն հաղթողների անունները: