2 ապրիլի 2005 - 08:50 AMT
ԱՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ
Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ վաղ թե ուշ կանի այն, ինչ արել են մյուս երկրները: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոսս Վարտյանը, տեղեկացնում է թուրքական «Միլլեթ» թերթը: «Ֆրանսիան ճանաչել է ցեղասպանությունը, սակայն դա բոլորովին չի վնասել թուրք-ֆրանսիական հարաբերություններին»,- ավելացրել է նա: Նա անիմաստ է համարել առաջարկությունն այն մասին, որ ցեղասպանության հարցը դրվի քննարկման` պատճառաբանելով, որ պատմաբանները դա վաղուց արդեն քննարկել են եւ հանգել որոշակի եզրակացության: Պատասխանելով այն հարցին, թե «ցեղասպանությունը միա՞յն սփյուռքի խնդիրն է»` Ռ.Վարտյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը` դա Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն է: Ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր են այցելում շուրջ 1 մլն մարդ, որը կազմում է Հայաստանի բնակչության 1/3-ը: Մենք սփյուռքի ներկայացուցիչներս` թշնամանք չունենք թուրք ժողովրդի նկատմամաբ»: Ռ.Վարտյանը, պատասխանելով Թուրքիայի տարածքային ամբողջականությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին, չի հերքել, որ ցեղասպանությունը որոշակի հետեւանքներ կունենա Թուրքիայի համար: Սակայն, բայց եւ այնպես նշել է. «Ցեղասպանության ճանաչման հետեւանքների որոշումը չի վերաբերվում Սփյուռքին: Դա Երեւանի եւ Անկարայի գործն է: Ինչ վերաբերում է հողային պահանջներին, ապա Հայաստանի իշխանություններն արել են միակողմանի հայտարարություն` Թուրքիայի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ»: «Հայաստանը եւ Թուրքիան պետք է կարողանան քննարկել բոլոր գոյություն ունեցող խնդիրները: Անհրաժեշտ է բացել սահմանները: Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում եւ չի էլ կարող լինել: Գլխավորն առողջ երկխոսությունն է: Ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դա կցանկանա թուրք ժողովուրդը եւ կստիպի դա անել թուրքական կառավարությանը, սակայ ոչ արտաքին ճնշմամբ: Թուրքիան աստիճանաբար վերակառուցվում է, ժխտում է պատմությունը, այլ կերպ Օրհան Փամուկը հրապարակայնորեն չէր արտահայտվի 1 մլն հայերի սպանության մասին»,- նշել է նա: