
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը երևանցի վարորդներին խնդրում է ըմբռնումով մոտենալ Էրեբունի-Երևանի տոնակատարություններին մայրաքաղաքի փակ փողոցներին: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը վարորդներին կոչ արեց այդ օրը ոտքով շրջել քաղաքում:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում լուծել շտապօգնություն, ոստիկանություն և հրշեջ ծառայություններ ստացված ահազանգերի հարցը` Կիրակոսյանը նշեց, որ նման ահազանգերի համար Երևանի տարբեր կետերում կլինեն ռադիոկապով 65 ոստիկաններ: «Եթե նման ահազանգեր ստացվեն, ապա ռադիոկապի միջոցով այդ մասին կտեղեկացվի, և համապատասխան ծառայության մեքենաները անհրաժեշտության դեպքում կշարժվեն փակ փողոցներով` ոստիկանության ուղեկցությամբ»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այդ տոնական օրը ահազանգեր չեն ստացվի: