13 հոկտեմբերի 2012 - 17:16 AMT
Ստավրոպոլի քաղաքապետը եկել է Երևան՝ վաղվա տոնին մասնակցելու

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ: Այս մասին PanARMENIAn.Net-ը տեղեկանում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի ու Ստավրոպոլի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները և ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաև աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Գեորգի Կոլյագինը կարևորել է քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերի շարքում համատեղ գործակցությունն ու առաջիկայում ակնկալում է Երևանի հետ ակտիվ և արդյունավետ աշխատանք:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել նաև մասնագետների փոխայցեր` երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին ու ծրագրերին ծանոթանալու և համագործակցության եզրերն առավել հստակեցնելու համար:

Ստավրոպոլի քաղաքապետը եկել է Երևան՝ վաղվա տոնին մասնակցելու