Ավելի վաղ թուրքական Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Սիրիա, բարեհաջող հասել է Հալեպ: Այս մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խուզարկության ընթացքում ինքնաթիռում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, և նրան թույլ են տվել շարունակել թռիչքը:
Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը նախատեսված վայրէջք է կատարել Թուրքիայում, այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է AIR Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա, Սիրիա բեռներ փոխադրելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Թուրքիայի оդային տարածքը հատելու համար: «Մենք ստացանք թույլտվությունը մեկ նախապայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական օդանավակայաններից մեկում բեռի զննության համար»,-ասել է նա:
Ընկերության տնօրենը նշել է, որ ընկերության ղեկավարությունը ինքն է համաձայնվել, որ հայկական ինքնաթիռը վայրէջք կատարի Էրզրումում՝ հավելելով, որ թուրքական կողմը մի քանի տարբերակ էր առաջարկել: