22 հոկտեմբերի 2012 - 14:44 AMT
Մեկնարկել է «Հարսնաքարի» գործով հերթական նիստը.մեղադրողը հրապարակեց եզրակացությունը

Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նախորդ նիստի ընթացքում ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել նախաքննության փուլում հարցաքննված վկաներից մի քանիսին դատակոչել: Պաշտպանների խոսքով ՝այդ վկաները ներկա են եղել վիճաբանությանը սկզբից մինչև վերջ: Դատարանը որոշեց անդրադառնալ միջնորդությանը դատաքննության մյուս փուլերում:

Այնուհետև մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը ըստ որի՝ ամբաստանյալները մեղադրվում են քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14 կետերով,(դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը և անզգուշությամբ մահ պատճառելը), 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (դիտավորությամբ առողուջթյանը 2 և ավելի մարդկանցով կամ կազմակերպված խմբով վնաս հասցնելը) և 116-րդ հոդվածով (առողջոձւթյանը թեթև վնաս հասցնելը):

Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի և նրանց պաշտպանների համար պարզ չէր մեղադրական եզրակացության ձևակերպումներից «ընդհանուր միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելու և լրացնելու միջոցով» ձևակերպումը: Ամբաստանյալները չընդունեցին մեղադրանքը: Արման Խաչատրյանի պաշտպանը, դատախազից ստացած պարզաբանումը բավարար չհամարելով, 1 օր ժամանակ խնդրեց բացարկ հայտնելու համար: Դատարանը նրան 30 րոպե հատկացրեց: Նիստը կշարունակվի 30 րոպեից: