«Թուրքիան ծանր վիճակում է. քաղաքական ծրագրերը փակուղի են մտել: Ասադին հեռացնել չստացվեց, հիմա կամ պետք է հրաժարվի իր մտադրություններից, կամ ռազմական միջամտության դիմի», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով` Թուրքիան ընտրել է երկրորդ տարբերակը: Բայց քանի որ վերջին հարցումները ցույց տվեցին, որ բնակչության 74 տոկոսը դեմ է ռազմական գործողություններին, իսկ Էրդողանը պոպուլիստ գործիչ է, հիմա պայմանների նախապատրաստման փուլն է: Էրդողանը, քրդական գործոնն օգտագործելով, պիտի կարողանա համոզել, որ Սիրայից վտանգ է սպառնում::
Ռազմական գործողությունները սկսվեու դեպքում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, կզարգանան հետևյալ կերպ` Թուրքիան մի քանի տասնյակ կմ կմտնի Սիրիայի տարածք և կփորձի բուֆերային գոտի ստեղծել:
Հայաբնակ Հալեպը գտնվում է սահմանից 50-60 կմ վրա և այս առումով զարգացումները մտահոգիչ են:
«Առայժմ Հալեպի համար պայքարն ավարտվել է: Ապստամբներն այլևս մեծածավալ գործողությունների հնարավորություն չունեն, անցել են ահաբեկչական փոքր գործողությունների», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակը հիմա կայուն է, որովհետև հավասարակշռություն է հաստատվել Ասադի և ապստամբների ուժերի միջև: Այս վիճակը կարող է պահպանվել մինչև 2 տարի, եթե հաշվի առնենք նաև, որ Ասադին հաջողվել է պահպանել վերնախավի, բնակչության մեծ մասի, նույնիսկ՝ սունիների համակրանքը: