23 հոկտեմբերի 2012 - 18:34 AMT
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը մտադիր է ակտիվացնել հայ-գերմանական տնտեսական կապերը

Հոկտեմբերի 23–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ , ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հայ–գերմանական տնտեսական կապերը և դրանցում Պալատի արածն ու անելիքը։

Խոսելով հայ–գերմանական համագործակցության նախընտրելի ոլորտների մասին՝ Մարտին Սարգսյանը հատկապես կարևորեց գյուղատնտեսական մթերքներ վերամշակման, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի բնագավառները, որոնցում դեռևս չօգտագործված ռեզերվներ շատ կան։

Դեսպանը նշեց, որ Գերմանիայում այնքան էլ շատ չգիտեն Հայաստանի մասին, ուստի կարելի է սկսել լիաժեք ինֆորմացիայի փոխանակումից և փոխայցելություններից ու ցուցահանդեսներից։ Պարոն Մարտին Սարգսյանը դեսպանին վստահեցրեց, որ Պալատը պատրաստակամ է աջակցելու գերմանական կողմի ցանկացած ձեռնարկմանը, հայտնում է ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունը: