25 հոկտեմբերի 2012 - 22:16 AMT
Շտուտգարտում կայացել է «Արցախ. հայ մշակույթի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում տեղի հայ համայնքի աջակցությամբ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ «Հայ մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում անցկացվել է «Արցախ. հայ մշակույթի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից

Միջոցառմանը, որպես հիմնական զեկուցող, հանդես է եկել գերմանացի պատմաբան, դոկտոր Պետեր Հալֆտերը: Նա ներկաներին ծանոթացրեկ է Արցախի պատմության ուշագրավ դրվագներին, Ծիծեռնավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք պատմաճարտարապետական կոթողներին, ընդգծել Տիգրանակերտ քաղաքի պեղումների կարևորությունը:

Շնորհանդեսի ավարտին դոկտոր Պետեր Հալֆտերը անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, իսկ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: