30 հոկտեմբերի 2012 - 16:31 AMT
ԿԱՐԾԻՔ
«Լույսի, գազի ու ջրի մարդիկ» և էթիկայի նորմերը, կամ դրանց բացակայությունը

Տանն այն սովորական աղմուկն է, որը գրեթե չի լինում օրվա երկրորդ կեսին: Հեռուստացույցը կիսաձայն, բայց լսելի պատմում է հնագիտության ու արդեն անհետացած քաղաքակրթությունների մասին ու մեկ էլ… դուռն են թակում՝ գոմի դռան պես:

Վազելով գնում եմ բացելու: Ինձ հայացքով ոչնչացնող կինը պահանջում է վճարել նախորդ ամիս օգտագործած գազի համար: Ասում եմ, որ հենց այդ պահին վճարումը կատարվում է: Երևի փորձառու հսկիչը չի հավատում, և ձայնի տոնը բարձրացնելով սպառնում է՝ կանջատե՜մ, կանջատե՜մ: Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նույնքան էլ իմ տոնը բարձրացնելով, կրկնում եմ քիչ առաջ ասածս ու ավելացնում, որ եթե վերջնաժամկետը լրանա ու վճարված չլինենք՝ թող անջատեն, առանց այս կերպ զգուշացնելու: Տիկինն ավելի կոպիտ շարունակում է. «Դե ժամանակին վճարեք, որ ես չգամ հասնեմ ստեղ…» :

Պատասխանում եմ` ձեր աշխատանք է: Տիկինը, որ սա լսում, կատաղում է ու գոռգոռալով, ինձ անդաստիարակ ասելով, հեռանում:

Ի՞նչ սկզբունքով են «ՀայՌուսգազարդի» հսկիչներն աշխատանքի ընդունվում և աշխատանքային էթիկայի ի՞նչ նորմերի են պարտավոր հետևել: Փորձում եմ պարզել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանից: Պատասխանում է. «Նույն սկզբունքներով ու էթիկայի նորմերով, ինչ ձեր լրատվամիջոցում»:

«Մեր լրատվամիջոցում աշխատելու համար բարձրագույն կրթություն, որոշակի լեզուների իմացություն, հմտություններ են հարկավոր, նրանցից էլ է նույնը պահանջվո՞ւմ», - հարցնում եմ:

Պատասխանում է. «Ոչ, հարցերը ձևակերպեք, մի ժամից զանգեք, կպատասխանեմ»:

Զանգում եմ մի ժամից:

«Հսկիչները «ՀայՌուսգազարդի» հետ պայմանագրային սկզբունքով են աշխատում: Ներկայացնում են ընկերությանը` որպես մատակարար: Եթե բաժանորդը վճարման ժամկետում վճարում չի կատարում, մատակարարը՝ ժամկետը լրանալու դեպքում, գրավոր հիշեցնում է, որից հետո 3 օրվա ընթացքում գազի սպասարկումը սահմանափակվում կամ դադարեցվում է: Իսկ մինչ այդ, հսկիչը կարող է նաև բանավոր զգուշացնել», - պատասխանում է Շուշան Սարդարյանը:

Հարցնում եմ` իսկ զգուշացնելիս ի՞նչ էթիկայի նորմերի են պարտավոր հետևել: Պատասխանում է` հիմա բոլորն են հետևում էթիկայի նորմերին: Վերը նշված օրինակով վստահեցնում եմ, որ ոչ, պատասխանում է` դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է: Իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է, դրա համար էլ նյութիս վերևում գրված է` կարծիք, բայց թե ինչքանով է սուբյեկտիվ, ինքներդ որոշեք:

Ու սա միայն «գազի մարդուն» չի վերաբերում: Մեկիս «լույսի մարդն» է այսպիսին, մյուսինը՝ «ջրի»:

Անի Ավետյան / PanARMENIAN News