Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:
BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի աշխարհի տարբեր անկյուններից ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ:
Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:
Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը: Դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա «Ստրիպտիզ» պիեսը:
BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին: