ԲՀԿ-ն այսօր կամ վաղը կդիմի բոլոր քաղաքական ուժերին, վերահաստատելով իր առաջարկը՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու վերաբերկալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ հրավիրվելիք քաղաքական խորհրդակցություններին կքննարկեն նաև այլ օրակարգային հարցերը, որոնք կառաջարկեն այլ կուսակցությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ և կարևորել էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը՝ դեպի 100%-անոց համամասնականի անցումը, որն էլ կբերի երկիրը կառավարման խորհրդարանական տարբերակի անցման: «Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք»,-ասված է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ: