Բաղդադում այսօր կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ:
Էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում փոխգործակցության ծրագրի մշակման պայմանավորվածություն ձեռք բերվեց: Կողմերը համաձայնության եկան համագործակցել նավթագազային արդյունահանման բնագավառում: Կողմերը կարևորեցին նաև կայուն օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ աշխատանքները:
Ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ` մի շարք ոլորտներում համաձայնագրերի ստորագրման, համատեղ ծրագրերի իրականացման, գործարար ուղիղշփումների ակտիվացման, ներդրումներին վերաբերող տեղեկատվական նյութերի, փորձի փոխանակման վերաբերյալ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կզբաղվի երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության արդյունավետ ուղիների հնարավորությունների ուսումնասիրմամբ, կներկայացնի առաջարկություններ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: