16 նոյեմբերի 2012 - 21:19 AMT
ՕԵԿ քաղխորհուրդի որոշմամբ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ իրենց քաղաքական կուրսին

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:

Որոշում է ընդունվել համամասնական ընտրակարգին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը որոշել է քաղաքական դաշտում հադես գալ կառուցողական գործընկերության դիրքերից և հավանություն տալ տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը: