23 նոյեմբերի 2012 - 22:01 AMT
Բակո Սահակյան. Ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարևոր է նաև արտաքին քաղաքական տեսանկյունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: