28 նոյեմբերի 2012 - 16:52 AMT
Յուրա Մովսիսյանը կրունկի վնասվածքի պատճառով չի կարող դաշտ դուրս գալ մինչև տարեվերջ

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրունկի վնասվածքի պատճառով չի կարող դաշտ դուրս գալ մինչև ընթացիկ տարվա վերջ, «Ռ-Սպորտ» գործակալությանը հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի խաղում հոկտեմբերի ավարտից: Հարձակվողը, ով 9 գոլերով երկրորդն է ռուսական պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում, բաց է թողել «Կրասնոդարի» վերջին հինգ խաղերը: «Կրասնոդարը» առաջիկա խաղը կանցկացնի նոյեմբերի 30-ին «Կուբանի» դեմ:

«Յուրայի վնասվածքն այդքան լուրջ չէ, բայց նա նախկինի նման շարունակում է բուժվել: Կարծում եմ, նա վերջնականապես կապաքինվի 15-20 օր անց, այսինքն մինչև այս տարվա վերջ նա արդեն չի խաղա: Մենք չենք պատրաստվում վնասել Յուրայի առողջությունը: Հետագայում նա կպատրաստվի առաջնության հաջորդ մասին ողջ թիմի հետ, եթե, իհարկե, մնա «Կրասնոդարում»,- ասել է Մուսլինը: