29 նոյեմբերի 2012 - 14:40 AMT
Global Asset Management-ը կարող է դառնալ Հայաստանում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները կառավարող առաջին ընկերությունը

Հայաստանի կառավարությունն ակտիվ բանակցություններ է վարում տասնյակ առաջատար միջազգային ընկերությունների հետ մասնավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի կառավարման համար: Այդ մասին նոյեմբերի 29-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: «Դրանց շարքում է Global Asset Management ընկերությունը, որն արդեն հետաքրքրություն է հանդես բերել Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ»,- հաղորդել է նա:

Դրա հետ կապված փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ արդեն 2013-ին Հայաստանում կձևավորվեն առաջին կենսաթոշակային հիմնադրամները, ընդ որում դրանք կլինեն մասնավոր, այլ ոչ թե պետական, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, պետությունն արդյունավետ կառավարիչ չէ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների բացակայության պատճառով:

Վարդան Արամյանը նաև հաղորդել է, որ կամավոր կենսաթոշակային կուտակման ուղղությամբ Հայաստանում արդեն առկա է Capital Asset Management ներդրումային ընկերությունը:

Իրագործվող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանը 2014-ից անցում կկատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: