29 նոյեմբերի 2012 - 15:58 AMT
Դեկտեմբերի 5-ին կավարտվի Չարենցի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կամփոփվի հայ մեծ գրող Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրողի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: «Ամփոփում ենք Չարենցի հոբելյանական տարին, որտեղ կլինի Չարենցի անվան ասմունքի հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը և գալա համերգ»,-ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այս տարի Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նշում է գրողի 115-ամյակը: Թանգարանում բացվել էր Չարենցի բարեկամ, թատերական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը, գրողին նվիրված 30-ական թվականների հոդվածների ցուցադրություն: Տուն-թանգարանում կազմակերպվել է Չարենցի սիրելի հյուրասիրությունը` «դաստախունը», հրատարակվել են գրքեր: Օրերս թանգարանում բացվել է գրողի` կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարակչյանի հեղինակած կիսանդրին: