5 դեկտեմբերի 2012 - 10:56 AMT
Հայաստանի երկաթուղում առաջին անգամ ներդրվել է կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգը

Հայաստանի երկաթուղում պատմության մեջ առաջին անգամ ներդրվեց կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգը՝ АРМ ДСП (автоматизированное рабочее место дежурного по станции – կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ): Համակարգը ներդրվեց Սպիտակ կայարանում և թույլ կտա կառավարել աշխատանքը միանգամից մի քանի կայարաններում: Ներկա պահին АРМ ДСП համակարգում ընդգրկված են Սպիտակ և Արչուտ կայարանները, իսկ դեկտեմբերի 20-ից ընդհանուր համակարգին կմիանան նաև Հաղպատ և Ախթալա կայարանները:

Աշխատանքի ընդհանուր կառավարումն իրականացվելու է Սպիտակից:

Համակարգը թույլ կտա օպերատիվ կարգով լուծել տեխնոլոգիական գործընթացի հետ կապված խնդիրները, ընդունել, ցուցադրել և պահպանել հսկվող կայարաններում գնացքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, նույնականացնել շարժակազմը և հետևել փոխադրումներին, սահմանել գնացքների ժամանման և մեկնման ժամանակը, ինչպես նաև տեղեկացնել գծերի վրա աշխատող անձնակազմին, հսկել լուսաֆորների ու կենտրոնացման, արգելակման և կապի միջոցների աշխատանքը:

Նոր համակարգի ներդրումը թույլ կտա էապես բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, չեզոքացնել գծերի վրա աշխատող երկաթուղայինների համար հնարավոր ռիսկերը, բարձրացնել հերթապահ անձնակազմի աշխատանքի, ինչպես նաև կապի միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Երկաթուղում նոր ժամանակակից տեղեկատվական տեխնորոգիաների ներդրումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջնահերթություններից մեկը: ՀԿԵ-ում արդեն կիրառվում են կայարանների և տեղում աշխատանքի կառավարման ավտոմատացված համակարգերը, ավտոմատացված աշխատատեղերը, իսկ հին սարքավորումները աստիճանաբար փոխվում են օպտիկա-մալուխային նոր սարքավորումներով:

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել ՀԿԵ-ի ծառայությունների մակարդակը, երկաթուղի ներգրավվել բեռնափոխադրումների նոր ծավալներ, էապես բարձրացնել երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակությունը: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառյությունը: