10 դեկտեմբերի 2012 - 12:47 AMT
Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ

Ֆրանսիայի «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսին քաղաք` հանդիպելու տեղի հայ համայնքին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Համայնքի ներկայացուցիչների հետ Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարին և հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի հյուրընկալ դռները ևս միշտ բաց են բոլոր բարեկամների առաջ և հույս է հայտնել, որ առիթ կունենա Ժերար Ստյուրլային հյուրընկալելու Երևանում:

Դեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետ Ժերար Ստյուրլան քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հուշարձանի հարևանությամբ տեղակայված Դեսինի Հայկական հիշատակի ազգային կենտրոնի նորակառույց շենքը, որն իր ճարտարապետական ինքնատիպ լուծումով միակն է աշխարհում: