Ամանորից առաջ վերջին ասուլիսը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը սկսեց ներքաղաքական գործընթացների դրական գնահատականով և գործող նախագահից բացի այլ թեկնածուի հաղթանակը գրեթե անհնար համարելով: Նշեց` հոռետեսները հիմքեր ունեն:
Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ ոչ մեկի դեմ չի խոսելու, քանի որ ոչ մեկի դեմ չի պայքարում, բոլորի համար է պայքարում, իսկ ով իր դեմ է, նշանակում է ժողովրդի դեմ է:
«Նախընտրական այս շրջանում պարկեշտության որոշակի դրսևորումներ եղան: Երբ ես ամռանը հայտարարեցի, որ երկար ընդմիջումից հետո նորից մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, շատ ուժեր զսպվեցին, որ Հայրիկյանին չխանգարեն: Ինձ հիացրեց Դաշնակցությունը», - ասաց ԱԻՄ նախագահը:
Անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին` Պարույր Հայրիկյանը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները լավ աշխատեցին, խոսքի ազատություն, հավասար պայմաններ կային: Բայց հիմա արդեն շեղումներ է նկատում:
«Առաջինը ես եմ հայտ ներկայացրել ԿԸՀ, իսկ լրատվամիջոցները տեղեկությունը տարածելիս նշել են Սերժ Սարգսյանին, էպոսագետին, հետո ինձ», - ասաց թեկնածուն:
ԱԻՄ նախագահը խոսել է նաև ռեսուրսների մասին.«Երևանում արդեն 3 գրասենյակ ունենք: Մեկը` վարձով, երկուսը` նվեր: Իմ այգին ու ԱԻՆ-ականների բնակարաններն էլ կօգտագործվեն: Միջոցներ հավաքելու համար այցելում ենք քաղաքացիների բնակարաներ: Եթե առաջ ընդգծված ՀՀՇ-ականները շատ էին, հիմա էլ չեն ասում «Ո՞նց, մեր սիրելի Լևոնի դեմ թեկնածություն ե՞ք դրել»: Ընտրական գրավն էլ առանց նվազագույն դժվարության ենք վճարել»: