
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը: Ընդ որում, օգնության կարիք ունեն 2.5 մլն սիրիացիներ, որոնց մի մասը դեռևս շարունակում է մնալ երկրում, հաղորդում է Russia Today-ը:
Սիրիացի փախստականների առավել խոշոր ճամբարները տեղակայված են Հորդանանի և Թուրքիայի տարածքում: Սակայն հումանիտար առաքելությունները, առաջին հերթին՝ Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի, պարզապես ի վիճակի չեն հաղթահարել ահագնացող աղետը:
Դրա հետ մեկտեղ, չնայած իրավիճակի վտանգավորությանը, բազմաթիվ սիրիացիներ հրաժարվում են լքել իրենց երկիրը և երբեմն վերադառնում են իրենց հայրենիք:
Բաշար Ասադի և նրա հակառակորդների միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհվել է մոտ 60 հազար մարդ: