17 հունվարի 2013 - 22:05 AMT
Բակո Սահակյանը Վարդան Արամյանի հետ քննարկել է ֆինանսական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կենսաթոշակային բարեփոխումներին:

Նախագահը նշել է, որ կենսաթոշակային համակարգը հանդիսանում է սոցիալական ապահովության կարևորագույն բաղադրամասերից մեկը, որն առնչվում է թե տնտեսական և թե բարոյական մի շարք գործոնների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով համակարգում բարեփոխումների իրականացումն ինքնին պահանջում է հավասարակշռված ու համակարգված մոտեցում:

Երկրի ղեկավարը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը և այս գործընթացում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: