22 հունվարի 2013 - 12:22 AMT
Նախագահին ուղարկված Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին պատասխանել է Հովիկ Աբրահամյանը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ՝ նախագահին ուղարկված նամակին պատասխանել է ԱԺ նախագահՀովիկ Աբրահամյանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ պատասխանն իրենց չի բավարարում և չի առաջարկում խնդրի լուծում.«Արծարծված խնդիրները մնացել են չլուծված, բացառությամբ ԶԼՄ-ներին վերաբերող կետի. Հեռուստատեսությունը նախորդ ընտրությունների համեմատ ավելի ազատ է»:

Խոսելով ընտրակաշառքը բացառելու մասին, Մարտիրոսյանն ասաց, որ որևէ կուսակցություն չունի օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու հնարավորություն և միայն այդպես է հնարավոր բացառել օրինախախտումները:

«Եթե մեզ օրենսդրորեն տան այդ հնարավորությունը, մենք կաշխատենք, բայց դա իրավապահ մարմինների գործն է»:

Անդրադառնալով հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Ինքս դժվար թե կարողանայի հացադուլ անել, նույնիսկ ծոմ չեմ պահել, բայց հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, եթե քաղաքացին որոշել է պայքարի այդ ծանր ձևն ընտրել, որը հակաօրինական չէ, ես նրան միայն առողջություն եմ մաղթում»: