28 հուլիսի 2005 - 08:42 AMT
Ս.ԹԱՖԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՑՈՒՑՎԻ ՓԱՍՏԵՐՈՎ
Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Սուքրու Թաֆանը նախօրեին Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «իր երկիրը պատրաստ է ընդունել իր պատասխանատվությունը, եթե Հայոց ցեղասպանությունը ապացուցվի փաստերով»: Դռնփակ նիստից հետո թուրք դեսպանը հրաժարվել է որեւէ մանրամասներ հաղորդել հանդիպման մասին: Փոխարենը` խորհրդարանի պատգամավորները հանդիպումը գնահատել են որպես շատ օգտակար եւ նույնիսկ` պատմական: Խորհրդարանում Ազգային կուսակցության ներկայացուցիչ Խայմե Դրոբոն ասել է, որ «առաջին անգամ Թուրքիայի ներկայացուցիչը գալիս է Ուրուգվայի օրենսդիր մարմին` խոսելու 1915 թվականի դեպքերի մասին»: Նրա խոսքերով, քննարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի` միջազգային հանձնաժողով ստեղծելու հայտնի առաջարկի մասին, եւ Թուրքիան խնդրել է Ուրուգվային մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեչիջյանը ասել է, որ Ուրուգվայի կարող է հովանավորել կամ ուղղակի մասնակցել այդ հանձնաժողովի գործունեությանը` ավելացնելով, որ Ուրուգվայի խորհրդարանի հանձնաժողովը կարող է հրապարակել Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին ուղղված հայտարարություն: Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել` հանդես գալով նմանատիպ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Եվ, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանին, դեսպանը առաջարկել է որեւէ հայտարարություն չհրապարակել` Հայաստանի տեսակետին ծանոթանալուց առաջ: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունվել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: