Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, Հայաստան այցելել: Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը` հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին: Ֆրանսիայի նախագահն ընդունել է Երևան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:
Ըստ թերթի, 2014-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Օլանդի այդ այցը Ֆրանսիայի հայ համայնքին ուղղված որոշակի “մեսիջ” կդառնա` կապված Հայոց ցեղասպանության հետ:
Բացի այդ, նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը չի պատրաստվում Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը “տեխնիկական բարդությունների” պատճառով:
2012 թ. hունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:
Փարիզում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Օլանդը հասատել էր, որ Ֆրանսիայում օրինագիծը կընդունվի: