«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումներ այս պահին չկան: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն շտապում, քանի որ դեռ շատ ժամանակ կա: «Հավանական եմ համարում, որ ԲՀԿ-ն կքննարկի Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը և կմասնակցի, որովհետև տրամաբանական կլինի, բայց այս պահի դրությամբ որևէ թեկնածուի հարց, թե ով կգլխավորի ցուցակը և այլն, չի քննարկվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
Մամուլում արդեն երկար ժամանակ շրջանառվում է այն վարկածը, թե ԲՀԿ-ում Երևանի քաղաքապետի պաշտոնի համար քննարկում են Նաիրա Զոհրաբյանի թեկնածության հարցը:
Հարցին` արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանն իրեն պատկերացնում է Երևանի քաղաքապետի պաշտոնում, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես ինձ առանձապես վատ չեմ զգում Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, ինձ համարում եմ խորհրդարանական: Գործադիր կառույցը ինձ խորթ է աշխատանքի համար, բայց, թե ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը, որոշումը կկայացնի կուսակցությունը»: