Երեկ տեղեկացանք, որ քանդում են Պռոշյան փողոցի հայտնի դեղին պարիսպը: Այսօր փորձեցինք Երևանի քաղաքապետարանից պարզել, թե ով, ինչու ու ինչ նպատակով է դա անում: Զանգահարեցինք տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանին:
Հարցին, թե ով ու ինչ նպատակով է քանդում, վերջինս հարցրեց՝ «հնարավոր է՝ փոխո՞ւմ են»: Խոստացավ ճշտել ու 15 րոպեից պատասխանել: 20 րոպե անց կրկին զանգահարեցինք, այս անգամ ստացանք «դեռ ճշտում են» պատասխանը: Արդեն մեկ ժամից ավելի էր անցել, երբ կրկին զանգահարեցինք Գևորգյանին: Այս անգամ նա ուղղորդեց զանգահարել իր օգնական Արթուր Սարուխանյանին, ով կնշի, թե ով կարող է պատասխանել մեր հարցերին: Սարուխանյանը նշեց Անահիտ Եսայանի անունը, ով աշխատում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի հետ:
Զանգահարեցինք. Եսայանն ասաց, որ այս պահին Նարեկ Սարգսյանը քաղաքապետարանում չէ, բայց նա կփորձի խոսել ճարտարապետի հետ ու որևէ տեղեկություն հաղորդել մինչև երեկոյան 18:00-ն: Ի դեպ, ասենք, որ ինքը՝ Անահիտ Եսայանը, PanARMENIAN.Net-ի թղթակցից էր մանրամասներ ճշտում քանդվող պարսպի մասին:
Ի՞նչ է ստացվում՝ Երևանում իրականացվող շինարարության մասին քաղաքապետարանում տեղյակ չե՞ն: Բայց չէ՞ որ հենց քաղաքապետարանն է տալիս այս կամ այն վայրում շինարարություն իրականացնելու թույլատվությունը,: Ինչ արած, եթե աշխատակիցներին մի քանի ժամ է պետք ճշտելու համար, թե «ինչ, որտեղ ու երբ», մնում է միայն հետևել, թե այս ժամերի ընթացքում պարսպի ինչքան մասը կհասցնեն քանդել, մինչ քաղաքապետարանը կգտնի մեզ հուզող հարցերի պատասխանները…