6 սեպտեմբերի 2005 - 08:33 AMT
ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ «ԻՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԵՂԾ ԲԱՆԱՎՈՐ ՈՒՂԵՐՁԸ»
ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելն այսօրվա հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին կփոխանցի «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չափազանց անկեղծ բանավոր ուղերձը»: Այս մասին Դ. Ռուպելը հայտարարել է նախօրեին ուշ երեկոյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Գործող նախագահի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է գտնվի երկու սկզբունքների կիրառման արդյունքում` տարածքային ամբողջականություն եւ ազգի ինքնորոշման իրավունքի: Դ. Ռուպելը նշել է, որ «հարցը կայանում է մանրամասներում, որոնք պետք է քննարկվեն բանակցությունների ընթացքում»: Արկադի Ղուկասյանի եւ Դիմիտրի Ռուպելի զրույցը տեւել է նախատեսվածից ավելի երկար, ինչը, ԼՂՀ նախագահի խոսքերով, վկայում է ղարաբաղյան հակամարտության եւ ԼՂՀ իշխանությունների տեսակետի նկատմամբ ԵԱՀԿ հետաքրքրության մասին: Նա աննախադեպ է անվանել այն փաստը, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Գործող նախագահը երկու անգամ է այցելում տարածաշրջան: «Դա վկայում է գործընթացն արագացնելու եւ դրան օգնելու ցանկության մասին», - ասել է Արկադի Ղուկասյանը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: