11 փետրվարի 2013 - 11:39 AMT
Բուլղարիայի մշակույթի նախարարությունը կնպաստի հայ-բուլղարական մշակութային կապերի ամրապնդմանը

Փետրվարի 5-ին, Բուլղարիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև հանդուրժողականության մասին հռչակագրի ստորագրումից հետո, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, Թեմական խորհրդի ատենապետ դ-ր Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելեցին Բուլղարիայի մշակույթի նախարարություն: Նրանց իր գրասենյակում ընդունեց ԲՀ մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը:

Հանդիպումը անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում: Երկուստեք գնահատանքով նշեցին ներկա հայ-բուլղարական մշակութային կապերը, միաժամանակ, կարևորելով դրանց հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման հնարավորությունները: Մշակույթի նախարարը իր խոսքում հավաստիացրեց, որ ամեն տեսակ միջոցառումներ, որոնք կնպաստեն հայ-բուլղարական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, կստանան նախարարության աջակցությունն ու օժանդակությունը: Հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց նախարար Ռաշիդովին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կդառնան հաճախակի և արդյունավետ, ասվում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքում: