12 փետրվարի 2013 - 13:01 AMT
Վարդան Սեդրակյան. Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան, ինձ կձերբակալեն

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ բոլորին հայտնեց, որ, իր խորին համոզմամբ, իրեն փետրվարի 22-ին կամ 23-ին կձերբակալեն:

«Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան»,-համոզված է նախագահի թեկնածուն: Սեդրակյան ասում է, որ հենց սկզբից բոլորը փորձում էին պարզել՝ ինչ կապ ունի ինքը հոկտեմբերի 27-ի գործի հետ: Հիմա էլ համոզված է, որ իրեն նաև մարտի 1-ի իրադարձությունների հետ են կապելու:

Թեկնածուն ասում է, որ դեռ չի կարող ասել, թե ովքեր են փորձում Հայրիկյանի մահափորձի մեջ ներքաշել իրեն: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ կասկածվողների ձերբակալությունից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ ճանաչում է նրանց, և որ նրանք են վերանորոգել իր բնակարանը: