21 փետրվարի 2013 - 19:24 AMT
Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են բազմաթիվ երկրների ղեկավարներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի նախագահները:

«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ընտրություններում ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, բոլոր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող ձեր ջանքերին»,- ասված է Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում:

Նա վերահաստատել է, որ կանի հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման. «Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը»: